Բայերը կազմությամբ լինում են պարզ և ածանցավոր:
Բայի սկզբնաձևն ունի ել, ալ վերջավորություն, օրինակ՝ երգել, խաղալ: Դա կոչվում է անորոշ դերբայ: Բայի պարզ կամ ածանցավոր լինելը որոշվում է անորոշ դերբայի հիմքով:
ա. Բայի հիմքը պարզ է, եթե վերջավորությունից առաջ բայածանց չկա՝ երգել, նկարել, արտագրել, գունաթափել: Այս բայերի երգ -, նկար -, արտագր -, գունաթափ— հիմքերը պարզ են, թեև արտագր — հիմքում կա նախածանց, իսկ գունաթափ— հիմքում՝ երկու արմատ և հոդակապ: Սակայն դրանք համարվում են պարզ հիմքեր, որովհետև դրանցում բայածանց չկա:
բ. Բայի հիմքը ածանցավոր է, եթե վերջավորությունից առաջ կա որևէ բայածանց՝ փախչել, հեռանալ, վազեցնել, կոտրատել, կառուցվել: Այս բայերի փախչ-, հեռան-, կոտրատ-, կառուցվ— հիմքերը ածանցավոր են:Անորոշ դերբայի պարզ հիմք ունեցող բայերը կոչվում են պարզ բայեր: Ածանցավոր հիմք ունեցող բայերը կոչվում են ածանցավոր բայեր:
ԱԾԱՆՑԱՎՈՐ ԲԱՅԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Ածանցավոր բայերը չորս տեսակի են` սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական և կրավորական:
Սոսկածանցներն են՝ ան, են, ն, չ` մեծ—ան—ալ, վախ—են—ալ, գտ—ն—ել, կոր—չ—ել և այլն:
Պարզ և սոսկածանցավոր բայերից կազմվում են պատճառական, բազմապատկական և կրավորական բայեր:
Պատճառական ածանցներն են՝ ացն, եցն, ցն: Պատճառական բայերը կազմվում են`
1. Ա խոնարհման պարզ և ան սոսկածանցավոր բայերից` ացն ածանցով` խաղալ—խաղացնել, քարանալ—քարացնել:
2. Ե խոնարհման պարզ և են սոսկածանցավոր բայերից` եցն ածանցով` քայլել—քայլեցնել, վախենալ—վախեցնել:
3.Ն, չ սոսկածանցավոր բայերից` ցն ածանցով` հասնել—հասցնել, փախչել—փախցնել: Կան շատ բայեր, որոնցից ածանցներով պատճառական բայ չի կազմվում: Այսպիսի բայերի պատճառականը կազմվում է տալ բայի հարադրությամբ` բերել—բերել տալ, զարդարել—զարդարել տալ և այլն:
Կան բայեր, որոնցում կա ցն տառակապակցությունը` հարցնել, լցնել, վերցնել, սակայն դրանք պատճառական բայեր չեն, քանի որ առանց ցն -ի ձևեր չունեն:
Բազմապատկական բայերը ցույց են տալիս գործողության կրկնություն:
Բազմապատկական ածանցներն են՝ ատ, ոտ, կոտ, տ` կտրել—կտրատել, խոցել—խոցոտել, թռչել—թռչկոտել, պատռել—պատռտել:
Կան ոտ տառակապակցություն ունեցող բայեր, որոնք բազմապատկական չեն. Դրանք կազմված են ոտ ածանց ունեցող ածականներից` ժանգոտել, ալրոտել, և չունեն իրենց առանց ոտ ածանցի ձևերը:
Ածանցներով բազմապատկական բայեր կազմվում են շատ քիչ բայերից: Բազմապատկական բայեր են կազմվում նաև արմատի կրկնությամբ` վազել—վազվզել, քաշել—քաշքշել և այլն, դարձյալ ոչ բոլոր բայերից:
Սակայն կան արմատի կրկնությամբ այլ բայեր ևս, որոնք բազմապատկական չեն: Սրանց տարբերությունն այն է, որ արմատի կրկնությամբ կազմված բազմապատկական բայերից հնարավոր է վերստանալ պարզը, ինչպես՝ դոփդոփել—դոփել, իսկ արմատի կրկնությամբ ոչ բազմապատկական բայերն ունեն միայն այդ մեկ ձևը: Այսպես՝ քայքայել բայը քայել ձև չունի:
Կազմությամբ կրավորական կոչվում են այն բայերը, որոնց կազմում կա կրավորական ածանց:
Կրավորական ածանցն է վ -ն` գրել—գրվել, կառուցել—կառուցվել, հեռանալ—հեռացվել, կարդալ—կարդացվել: Բացի ածանցավոր բայերից կան նաև հարադրական բայեր: Դրանք բարդ բառեր են, դրանց բաղադրիչները գրվում են առանձին, բայց իմաստով համարժեք են մեկ բայի՝ բարև տալ—բարևել:
Գրում ենք տարբեր կազմությամբ բայերի օրինակներ:
- պարզ — խոսել, ասել, գրել, կրել, դիմել, վազել.
- սոսկածանցներով — մեծանալ, հագենալ, գտնել, տենչալ.
- պատճառական ածանցներով — տգեղացնել, չորացնել, հագեցնել,հանգցնել.
- բազմապատկական ածանցներով — թռչկոտել, մրոտել, հոտոտել, վազվզել.
- կրավորական ածանցով — կառուցվել, բամբասվել, կարդացվել, գրվել, հեռացվել.
Վահան Տերյանից ընտրել երկու-երեք բանաստեղծություն, հանել բայերն ու որոշել, թե ինչպիսին են դրանք կազմությամբ՝ պարզ, ածանցավոր՝ սոսկածանցավոր, պատճառական, բազմապատկական, կրավորական ածանցներով:
Վ Վահան Տերյան
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ:
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
մեռնել — սոսկածանցավոր, մթնել — պարզ, մտնել — սոսկածանցավոր, տեսնել — սոսկածանցավոր, ժպտալ — պարզ, մոտենալ — սոսկածանցավոր, հայտնվել — կրավորական, անջատվել — կրավորական
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։
սիրել — պարզ, դողալ — պարզ,
Վահան Տերյան
Սիրտըս ցավում է
Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարուղ ես նրան ատել
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան…
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
0՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք…
ցավալ — պարզ, պատմել — պարզ, տանջել — պարզ, փշրել — պարզ, նայել — պարզ, ատել — պարզ, սիրել — պարզ, պատել — պարզ, գուրգուրել — պարզ