Рубрика: Պատմություն

Վաղարշ Ա

   117 թվին հռոմեացիները ճանաչեցին Սանատրուկի որդի Վաղարշ Ա-ի (117-140 թթ.) իշխանությունը: Նրա օրոք պարսպապատվեց Վարդգեսավանը, վերածվեց պետության մայրաքաղաքի՝  թագավորի անունով ստանալով Վաղարշապատ անվանումը: Այն կոչվել է նաև Նոր քաղաք, որը հետագայում այնտեղ գտնվող վանքի անունով կոչվել է նաև Էջմիածին: Վաղարշ Ա-ից հետո, շատ չանցած, հռոմեացիները գահ են բարձրացնում հռոմեական ծերակույտի անդամ Սոհեմոսին, որը հայկական աղբյուրներում հայտնի է Տիգրան Վերջին անունով:

   Նրա իշխանությունն ընդհատվեց 161 թ., երբ հայերը Տրդատ իշխանի գլխավորությամբ կարճ ժամանակով նրան վտարեցին երկրից, իսկ հռոմեական զորքերը ծանր պարտություն կրեցին: Սակայն հռոմեացիները մի քանի տարի անց նրան վերահաստատեցին հայոց գահին: Նա կրկին գահ բարձրացավ Վաղարշապատում կամ «նոր քաղաքում», որը դրանից հետո վերածվեց պետության մայրաքաղաքի: Տրդատը, որի խիզախությունը շարժում էր անգամ հռոմեացիների հիացմունքը, աքսորվեց հեռավոր Բրիտանիա: Կրկին ավերածության ենթարկվեց Արտաշատը, իսկ Մեծ Հայքում հաստատվեցին հռոմեական կայազորներ:

  Տիգրան Վերջինից կամ Սոհեմոսից հետո հայոց գահ բարձրացավ Վաղարշ Բ-ն (191-211): Վարելով ճկուն և հեռատես քաղաքականություն՝ նա բարիդրացիական հարաբերություններ է հաստատում Հռոմի հետ: Այդ քաղաքականության շնորհիվ հռոմեական կայազորները հանվում են Վաղարշապատից և այլ վայրերից: Հայկական զորքը ուժեղացնելու և Կովկասյան լեռնանցքները պաշտպանելու համար Հռոմը նշանակալից գումար է հատկացնում հայոց թագավորին, նաև կալվածքներ նվիրում նրան Կապադովկիայում: Հռոմը, որ կամենում էր խուսափել հյուսիսային լեռնականների ավերիչ ասպատակություններից, փորձում էր իր սահմաններն ապահովագրել հայկական զինված ուժերի միջոցով: 211թ. Վաղարշ Բ-ն զոհվեց կովկասյան լեռնականների դեմ պատերազմում և նրան փոխարինեց Խոսրով Ա-ն կամ Մեծը, որը մեծ և հաղթական արշավանք կազմակերպեց նրանց դեմ:

Վաղարշ Բ-ն Մեծ Հայքի ժառանգական թագավոր

   Ինչպես արդեն նշվեց, մինչև Վաղարշ Բ-ն հայոց թագավորները նշանակվում էին մեծ մասամբ պարթև Արշակունիների տոհմի ներկայացուցիչներից և հաստատվում Հռոմի կողմից: Հռոմը, որի համար Մեծ Հայքի դաշնակցությունը մեծ կարևորություն էր ձեռք բերում, ճանաչեց իշխող արքայատոհմի ժառանգական իշխանությունը: Դա դրական և կարևոր նշանակություն ունեցավ Հայոց թագավորության հետագա զարգացման համար:

   Օրավուր թուլացող Հռոմեական կայսրության որոշ գահակալներ, սակայն, չէին հրաժարվել Մեծ Հայքի թագավորությունը հռոմեական պրովինցիա դարձնելու մտքից: Իբրև թե Խոսրովին իր որդիների հետ հաշտեցնելու նպատակով հայոց թագավորը կանչվում է կայսրություն և բանտ նետվում: Սակայն երբ հռոմեական զորքերը փորձեցին ուժով տիրել Հայոց թագավորությանը, ծանր պարտություն կրեցին հայկական բանակից: Կամենալով հարթել հակասությունները Հայոց թագավորության հետ՝ հռոմեացիները թագ տվեցին Խոսրովին, ազատ արձակեցին նրա մորը և ուղարկեցին Հայաստան: Ավելին, նրան վերադարձվեցին ոչ միայն Հայաստանից տարած ավարը, այլև նախկինում նրան նվիրած և բռնագրավված կալվածքները: Հունա-հռոմեական աղբյուրներում Խոսրով Մեծը հայտնի է Տրդատ Բ անունով:

Оставить комментарий